Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. մայիսի 22-ին:
Անցած տարիների ընթացքում կազմակերպությունը ծավալել է ակտիվ գործունեություն, ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, իրագործել է բազմաբնույթ ծրագրեր հաշմանդամների համար: «Ունիսոնի» գործունեության երկրորդ ուղղությունն է հայկական ինտերնետ-ռեսուրսների զարգացումը։ Մասնավորաբար, մեր կողմից ստեղծվել և պահպանվում են Արամ Խաչատրյանի և Կոմիտաս Վարդապետի վիրտուալ թանգարանները։
Հաշմանդամների կյանքը լիարժեք դարձնելու նպատակով մեր կազմակերպությունը մատուցում է մի շարք ծառայություններ. կերպարվեստի և համակարգչային դասընթացներ, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն: Կազմակերպությունը նաև աջակցում է հաշմանդամներին աշխատանքի տեղավորման հարցերում: 2006թ. դեկտեմբերից «Ունիսոնում» գործում է Հայաստանում առաջին Անկախ կյանքի կենտրոնը, իսկ 2008թ. մայիսից՝ հաշմանդամների զբաղվածության կենտրոնը: Կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է մշակութային օջախների, ընտրատեղամասերի, դատարանների և հանրային նշանակության այլ օբյեկտների մատչելիության մոնիտորինգներ: 2007թ.-ից «Ունիսոնը» իրականացնում է ընտրությունների դիտորդական առաքելություն:
Կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնում է կլոր սեղաններ, սեմինարներ, մամլո ասուլիսներ, ակցիաներ, ցուցահանդեսներ, սոցիոլոգիական հարցումներ և շահառուների կարիքների գնահատում: «Ունիսոնում» ընդգրկված հաշմանդամներից շուրջ 30 հոգի մասնակցել են միջազգային համաժողովներին, համերգներին և այլ միջոցառումներին:
Մենք հրապարակում ենք բազմաթիվ ձեռնարկներ, բրոշյուրներ, պաստառներ, թերթեր, որոնք տրամադրվում են պետական մարմիններին, ՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին, ԶԼՄ-ներին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին, այլ հետաքրքրված հիմնարկներին և անհատներին: «Ունիսոնը» նկարահանել է մի շարք տեսաֆիլմեր և սոցիալական տեսահոլովակներ, որոնք ցուցադրվել են առաջատար հեռուստաալիքներով։
Մենք չենք տրամադրում
• Ֆինանսական և նյութական աջակցություն • բժշկական օգնություն • փաստաբանական ծառայություն
|