Ստորև զետեղված են հաշմանդամության ոլորտին առնչվող որոշ հաճախակի տրվող հարցերը և դրանց պատասխանները, իսկ «հարց ու պատասխանի» ամբողջական տարբերակը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ: Ձեր իրավունքների ոտնահարման դեպքում կարող եք զանգահարել Հաշմանդամների իրավունքների պաշտպանների հանրապետական ցանցի համակարգողներին, որոնց հեռախոսահամարներն առկա են ԱՅՍՏԵՂ։
Հաշմանդամի կարգավիճակ
Հարց` Ինչպիսի՞ն է անձին հաշմանդամության խումբ սահմանելու կարգը։
Պատասխան` ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի 62-րդ հոդվածի համաձայն ,բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։
Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
ա) մանկուց հիվանդությունը.
բ) ընդհանուր հիվանդությունը.
գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.
դ) մասնագիտական հիվանդությունը.
ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժա) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։
Սույն հոդվածում նշված համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձը ճանաչվում է հաշմանդամ։
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:
Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման և կառուցվածքային-գործառնական առանձնահատկություններից:
Օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ։
Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։
Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։
Հարց` Ինչպե՞ս բողոքարկել հաշմանդամության խումբ սահմանելու (կամ չսահմանելու) մասին ԲՍՓՀ-ի որոշումը։
Պատասխան` Համաձայն ՀՀ կառավարության Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին 2.03. 2006 թվականի N276-Ն որոշման` Անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:
Կրթություն
Հարց` Արդյո՞ք հաշմանդամ երեխայի ծնողներն իրենք են որոշում, թե որ` հատուկ թե հանրակրթական (ներառական) դպրոց գնալու է երեխան։
Պատասխան` Համաձայն կրթության մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի` Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:
Հարց` Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող դիմորդները։
Պատասխան` Համաձայն “ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքի 14 հոդվածի` Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների և մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով։ Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Սակայն պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ: Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
Հարց` Արդյո՞ք մանկապարտեզի տնօրենն իրավունք ունի մերժել ընդունել երեխային` պատճառաբանելով, որ վերջինս հաշմանդամություն ունի։
Պատասխան` Համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի` Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության և անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ: Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ: Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն և արտոնություններ: Համապատասխան կրթօջախները և նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
Հարց` Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամ երեխաների տնային ուսուցումը։
Պատասխան` Համաձայն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի և (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջև պայմանագրի հիման վրա։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի համաձայն` Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են` ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ` շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ F20-F29 (կոդավորումը` ըստհիվանդությունների միջազգային դասակարգման (10-րդ վերանայման) տրամադրության խանգարումներ (F30-F39) նյարդայնական և հոգեմարմնական խանգարումներ` կապված գերհույզի, սթրեսի հետ (F40-F48) վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ ( F50-F59) մտավոր հետամնացություն (F70-F79) հոգեբանական զարգացման խանգարում և լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80-F89) սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90- F98) հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99), բ) նյարդային համակարգի հիվանդություններ սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ (G10-G13) արտաբրգային և այլ շարժողական խանգարումներ (G20-G26) նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ (G31.0, G31.8, G31.9, G32, բացառությամբ G 31.1-ի) կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ (G35-G37) էպիլեպսիա (G40) նյարդամկանային սինապսի, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) և այլ միոպաթիաներ (G70, G71, G72) մանկական ուղեղային պարալիզ և այլ պարալիտիկ համախտանիշներ (G80-G83) ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային) (G04-G06), գ) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ)` ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք (spina bifida), բնածին արատներ (Q05) ողնաշարի բնածին այլ անկանոնություններ (Q06) նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ (Q07) ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ և ձևափոխումներ (Q65-Q79), դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ` ռևմատիզմ` ակտիվ փուլում`շարունակական ռեցիդիվող ընթացքով (I 00-I 01) պանկարդիտ (I 51.8, I 05.8) սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլում (Q20-Q24) քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի և արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում (J84.1) հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատև ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա (J46) նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19) մուկովիսցեդոզի ծանր ձևեր (E84.9) քրոնիկ հեպատիտ և ասցիտի երևույթներով ընթացող լյարդի ցիրոզ (K74.6) տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ (C00-C99) արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձև) (D66-D68):
Զբաղվածություն
Հարց` Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող աշխատողները։
Պատասխան` Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի` Հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով /141 հոդված/: Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն /144 հոդված/: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
Հարց` Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող աշխատողներ ունեցող գործատուները։
Պատասխան`ՀՀ Կառավարությունը 2006 թ-ի հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները: Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով: Անմրցունակ անձանց խմբին են պատկանում` զբաղվածության կենտրոններում հաշվառված ` • հաշմանդամները • ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք • աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք • պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո • առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկներ • երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք • փախuտականները: Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը ("Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին" ՀՀ oրենք): Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով: Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
Հարց` Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող անհատ ձեռներեցները։
Պատասխան` Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված` “Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու” կարգի 16 հոդվածի` Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ` ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առևտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով. բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով. գ) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:
Սոցիալական ապահովություն
Հարց` Ի՞նչ թոշակ են ստանում հաշմանդամները։
Պատասխան` Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8 -րդ հոդվածի համաձայն սահմանվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները. 1. աշխատանքային` 1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի. 2. զինվորական` 1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում. 3. սոցիալական` 1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում: |