
«Փարոս» կամերային երգչախումբը հիմնվել է 1993 թվականին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմբի հիմնադրման պահից մինչև 2008թ. «Փարոսի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորն էր Վաչագան Նավասարդյանը։ 2009 թվականի սկզբին «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվեց Րաֆֆի Միքայելյանը։ «Փարոսը» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը կազմում են սայլակ օգտագործող հաշմանդամներ։ Իր գործունեության ընթացքում երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Մասնավորաբար, «Փարոսը» երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեի հրավերով ելույթ է ունեցել Թբիլիսիում (1998), հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում (1997) և Ֆրանսիայում (2005), ինչպես նաև հաջողությամբ մասնակցեց Մեծ Բրիտանիայում (2000) և Իտալիայում (2003) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։ Թողարկվել են «Փարոսի» երկու կոմպակտ-ձայներիզներ։ «Փարոսի» ելույթները և ձայներիզները արժանացել են հայ և արտասահմանյան առաջատար մասնագետների բարձր գնահատանքի։ Երգչախմբի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերը հոգում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը (գործադիր տնօրեն՝ Արմեն Ալավերդյան)։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք «Փարոս» կամերային երգչախմբի պաշտոնական վեբ-կայքը www.paros.am հասցեով։ |