հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Վերջին

Գեղեցկության ֆոտոմրցույթի մրցանակաբաշխություն

2012-04-13

 

Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում «Ունիսոնը», ավանդույթի համաձայն, անցկացրել էր հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ակցիան հետապնդում է շատ ավելի կարևոր նպատակ, քան սովորական գեղեցկության մրցույթները: «Միսս Գեղեցկություն» մրցույթը հաշմանդամության ոլորտը հանրությանը ներկայացնում է բոլորովին նոր տեսանկյունից, սերմանելով այն գաղափարը, որ ցանկացած մարդ կարող է լինել գրավիչ, և գեղեցկությունը չի խամրում անգամ հաշմանդամության առկայության դեպքում:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեցին 46 կին` Երևանից, Հայաստանի 8 մարզերից, ԼՂՀ-ից և Ջավախքից: Գեղեցկուհիները շատ էին, իսկ վերջնական փուլ անցնելու հնարավորություն պետք է տրվեր միայն 10-ին: Ժյուրին, որի կազմում էին ՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ Վաստակավոր արտիստ Ֆորշը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը, թեժ քննարկումների արդյունքում կատարեց իր վերջնական ընտրությունը, թեև գլխավոր գեղեցկուհու թեկնածությունը հաստատվեց միաձայն: Մրցանակաբաշխությունը, որին առանձնահատուկ ջերմություն հաղորդեց շոումեն Արսեն Գրիգորյանը, անցկացվեց Մայրության և գեղեցկության տոնի նախօրեին։

«Միսս Գեղեցկություն 2012» հռչակվեց Անահիտ Աբաջյանը (ք.Ախալքալաքի), «Վիցե-Միսս» տիտղոսին արժանացավ Ժանետա Հայրապետյանը (ք.Երևան), ևս 2 գլխավոր մրցանակներ «Միսս Հմայք» և «Միսս Կամք» անվանակարգերում հանձնվեցին համապատասխանաբար Քրիստինե Փիրուզյանին (ք.Ախթալա, Ալավերդու շրջ.) և Անահիտ Խալաթյանին (գ.Երնջատափ, Ապարանի շրջ.): «Միսս Ունիսոն» հատուկ մրցանակը բաժին հասավ Մերրի Մլհամյանին (գ.Նորապատ, Արմավիրի շրջ.): Լավագույն տասնյակում ընդգրկված ևս 5 մասնակից ստացան խրախուսական մրցանակներ:

«Նուշիկյան ասոցիացիան», որը լավագույն տասնյակի համար օծանելիք էր տրամադրել, հենց դահլիճում ընտրեց իր «Միսս»-ին, և ընտրությունը կանգ առավ կրկին Անահիտ Աբաջյանի վրա, որին Գարեգին Նուշիկյանը անձամբ հատուկ մրցանակ հանձնեց: Կարծում եմ, «Զիգզագ» խանութի կողմից Անահիտ Աբաջյանին տրամադրած նեթբուքը նույնպես շատ ցանկալի և սպասված նվեր էր, քանի որ «Միսս Գեղեցկություն 2012»-ը ոչ միայն հմայիչ արտաքին ունի, այլ նաև փիլիսոփայական բովանդակությամբ գրքերի հեղինակ է: Նշեմ, որ արդեն մշտական հովանավորի կարգավիճակը ստանձնած «Զիգզագ»-ը նվերներ պատրաստել էր բոլոր հաղթողների համար: Իսկ «Պասիֆլորան» գեղեցկացրեց միջոցառումը հիասքանչ ծաղիկներով: Հաղթանակած գեղեցկուհիների նվերները դրանով չավարտվեցին` «Mobile Centre» և «Նոյյան տապան» խանութները նույնպես հաճելի անակնկալներ մատուցեցին: Միջոցառման գլխավոր աջակիցն էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի անունից լավագույն տասնյակին դրամական պարգևներ հանձնեց քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Մրցույթի անցկացմանն աջակցել է նաև «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ)։

Տոնը կայացավ, իսկ կազմակերպիչները լիահույս են, որ այս հաջողությունը կդրդի հաղթանակած կանանց և աղջիկներին ավելի ակտիվ կյանքով ապրել:

Winners

 

2024-02-14
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։