Հաշմանդամների ընտրական իրավունքը հերթական անգամ անտեսվեց
2009-06-13
Մայիսի 31-ը արդեն ետևում է, սակայն Երևանի ավագանու ընտրությունների թեման մինչ օրս գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Այսօր «Ունիսոնը», որը դիտարկեց քվեարկության ընթացքը Կենտրոն համայնքի բոլոր 53 տեղամասերում, հրապարակեց դիտորդական առաքելության արդյունքները ամփոփող զեկույցը։ Դիտորդության նախնական արդյունքները «Ունիսոնը» ներկայացրեց հունիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում։ Հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեր կազմակերպությունը առաջնային հերթին կանգ առավ հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտող հանգամանքների վրա։ Կենտրոն համայնքում դիտարկված 53 տեղամասերից ընդամենը մեկում էր լիովին ապահովված սայլակ օգտագործող հաշմանդամի մատչելիությունը, այսինքն հաշմանդամը կարող էր մուտք գործել առանց որևէ օգնության, 7 տեղամաս տեղակայված էր 2-րդ հարկում, 1` նկուղում, որոշներում բացակայում էին կույր ընտրողների համար նախատեսված հատուկ կաղապարները: Մամուլի ասուլիսի 2-րդ հատվածը վերաբերում էր այլ բնույթի խախտումներին: Մասնավորապես, որոշ տեղամասերում կատարվել էր բաց քվեարկություն, քարոզչություն անմիջապես ընտրատեղամասում, ընտրողների ուղղորդում: «Ունիսոնի» դիտորդների կողմից գրանցվեցին նաև բռնության դեպքեր, կողմնակի մարդկանց ներկայություն տեղամասում ու շենքի դրսում։
|
|