Երեք հաշմանդամ ընդունվեցին աշխատանքի «Օրանժում»
2009-09-17
Ինչպես հայտնի է, մինչև տարևերջ Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» մուտք կգործի շուկա։ Ուրախալի է, որ մեր երկրում գործունեության ամենասկզբից հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը` «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը որդեգրել է հավասար հնարավորությունների կադրային քաղաքականությունը, որը բացառում է հաշմանդամության հիմքերով որևէ խտրականություն։ Համապատասխան որակավորում և գիտելիքներ ունեցող հաշմանդամներն ունեն «Օրանժում» աշխատելու իրական շանսեր։
Դրա մասին վկայեց նաև «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի այցը «Ունիսոն» հասարակական կազմակերպություն։ Պարոն Դյութուան ծանոթացավ «Ունիսոնում» գրանցված` աշխատանք փնտրող հաշմանդամների հարուստ տվյալների բազային, դրականորեն արձագանքեց մեր նախաձեռնությանը և խոստացավ, որ «Օրանժում» անպայմանորեն աշխատելու են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Այս խոստումն արդեն իսկ իրականություն է դարձել։ Համագործակցելով «Ունիսոնի» հետ, «Օրանժ Արմենիայի» կադրերի բաժինն դիտարկեց մեր կազմակերպության կողմից ներկայացված շուրջ 35 թեկնածուներին։ Ներկայիս դրությամբ, 3 հաշմանդամ կնքել են աշխատանքային պայմանագրեր «Օրանժի» հետ։ Ցանկանանք նրանց հաջող կարիերա «Օրանժ Արմենիայում», աշխատանք փնտրող այլ հաշմանդամներին` համբերություն և լավատեսություն, իսկ ընկերությանը` զբաղեցնել իր ուրույն տեղը հայաստանյան շուկայում։
|
|