Համատեղ համերգ Յեյլի շրջանավարտների երգչախմբի հետ
2011-08-23
Հունիսի 25-ին «Փարոս» կամերային երգչախմբի անդամները հանդիպեցին Յեյլի համալսարանի շրջանավարտների երգչախմբի երգիչներին, ովքեր Երևան էին եկել Օրբելյանների ընտանիքին նվիրված համատեղ համերգին մասնակցելու համար: 1997 թվականին հիմնադրվելուց ի վեր, երգչախումբը ելույթներով շրջագայել է Չինաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում: Երգչախմբի երգացանկն ընդգրում է բարոկո դարաշրջանից մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Հանդիպման ընթացքում հյուրերը «Ունիսոն» ՀԿ-ին անդամագրված հաշմանդամներին նվիրեցին սայլակներ ու հատուկ բարձեր, ինչպես նաև համերգային զգեստ` «Փարոսի» երգիչներին: Հունիսի 26-ին մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հայ-ամերիկյան համերգը իսկապես հիշարժան իրադարձություն էր, որին «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեղավար ու դիրիժոր` Րաֆֆի Միքայելէան) բերեց իր արժանի մասնակցությունը: Յեյլի համալսարանի շրջանավարտների երգչախմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար՝ Ջեֆրի Դումա) «Փարոսը» կատարեց Արամ Խաչատրյանի «Ժողովուրդների բարեկամություն» և «Երգ Երևանի մասին» ստեղծագործությունները, ինչպես նաև Լեոնարդ Բերնսթայնի «Աճեցնենք մեր այգին» (հատված «Կանդիդից») գործը: Մենակատարները Սյուզաննա Մելքոնյանը և Եղիշե Մանուչարյանն էին: Րաֆֆի Միքայելէանի խմբավարությամբ «Փարոսը» ա կապելլա կատարեց Կոմիտասի «Գութաներգ», Էդգար Հովհաննիսյանի «Ցորեն եմ ցանե» և «Շորորա», Ավետ Տերտերյանի «Մենավոր մի ծառ» և Գրիգոր Սյունու «Ուստի կուգաս» երգերը: Լեփ-լեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց ելույթը: Այսպիսով, «Փարոսը» մի նոր քայլ կատարեց միջազգային ճանաչման ուղղությամբ:
|
|