Հանուն ազատ տեղաշարժի իրավունքի
2011-11-05
Սեպտեմբերի 23-ին «Ունիսոն» ՀԿ-ն Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում անցկացրեց բացօթյա ֆոտոցուցահանդես, որի նպատակն էր ներկայացնել հաշմանդամների անարգել տեղաշարժման իրավունքի ապահովման վիճակը Հայաստանում։: Հանրությունը մեկ անգամ ևս իրազեկվեց անարգել միջավայրի ապահովման անհրաժեշտության մասին, ինչն ամրագրված է ՀՀ օրենքներում և բխում է ՄԱԿ-ի «Հաշմանդամ անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջները կատարելու պարտավորություններից:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող «Անարգել տեղաշարժ՝ իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Միջոցառման անցկացմանն աջակցել է նաև ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:
70 լուսանկարներում, որոնց հեղինակներն են Գարեգին Ղազարյանը և Ռասմիլա Ալավերդյանը, պատկերված են մատչելիության բնագավառում ՀՀ անկախ պետականության 20 տարվա ընթացքում ձեռք բերած հաջողություններն ու առկա խնդիրները:
«Ակցիայի նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի մասին, որն առայժմ մեր երկրում ոտնահարվում է: Կան օրենքներ, շինարարական նորմեր, որոնք հաճախակի անտեսվում են»,- ասում է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նրա գնահատմամբ, անցած տարիների ընթացքում արձանագրվել էն որոշակի ձեռքբերումների և հաջողություններ, սակայն դրանք քիչ են: Մեծ թվով կրթօջախներ, մշակութային օջախներ, բանկեր և այլ հաստատություններ դեռևս անհասանելի են հաշմանդամների համար: Մինչդեռ սայլակավոր հաշմանդամի կյանքի որակը մեծապես կախված է միջավայրի մատչելիությունից: Ավելին, անարգել միջավայրը կարևոր է նաև հղի կանանց, ծերերի, մանկասայլակով ծնողների և բնակչության բազմաթիվ այլ խմբերի համար։
Զարմացնում է այն փաստը, որ նույնիսկ նորակառույց շինություններից շատ քչերում պահպանված են մատչելիության նորմերը։ Իսկ հասարակական տրանսպորտը սայլակավոր մարդկանց համար ընդհանրապես անմատչելի է:
|