ՀՀ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները
2011-11-06
Այս խորագիրն էր կրում հանրապետական համաժողովը, որը ս.թ. հոկտեմբերի 21-ին Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ անցկացրեց «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների և բոլոր մարզերում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ:
«Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ներկայացրեց ոլորտի ներկայիս իրավիճակը: Տեղի ունեցավ map.disability.am վեբ-կայքի, ինչպես նաև «Ունիսոնի» նոր հրապարակումների շնորհանդեսը:
Համաժողովի ընթացքում նշվեց, որ հաշմանդամների իրավունքների պաշտպանության առումով օրենսդրական դաշտը բավարար է, սակայն օրենքները, ցավոք, լիարժեք չեն գործում, ինչը հաշմանդամների իրավունքների ոտնահարման նորանոր փաստերի առիթ է դառնում: «Մենք ակնկալում էինք, որ օրենքներն ի վերջո կգործեն, բայց արդյունքում տեսնում ենք, որ դա այդպես չէ, և անցած տարվանից սկսեցինք ավելի ակտիվորեն զբաղվել հատկապես մատչելիության խնդրի լուծման ուղղությամբ»,- նշեց Ա.Ալավերդյանը:
Ներկայումս Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 172 000 հաշմանդամ, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց թիվն անկասկած ավելի մեծ է, քանի որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, երկրագնդի բնակչության 10 տոկոսը հաշմանդամ է: Հայաստանում հիմնական խնդիրները կապված են ազատ տեղաշարժի հնարավորության, միջավայրի մատչելիության և աշխատանքային զբաղվածության հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմա Բաղդասարյանը ներկայացրեց կառավարության մոտեցումները և իր պատրաստակամությունը հայտնեց նպաստել հրատապ հարցերի լուծմանը: Նա հայտնեց, որ արդեն մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծ, ուր հաշվի է առնվելու նաև նորակառույց ու վերակառուցվող շենքերի՝ հաշմանդամներին հարմարեցված լինելու խնդիրը:
Մարզային ՀԿ-ների և մարզպետարանների ներկայացուցիչները նշեցին, որ մարզերում և մայրաքաղաքում հաշմանդամների իրավիճակը խիստ տարբեր է, ուստի անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջաններում բնակվող հաշմանդամների կյանքի որակի բարելավման ուղղությամբ:
Ինչպես նշեց «Save the Children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը, միջավայրի ֆիզիկական մատչելիությունը, թերևս, բնագավառի թիվ մեկ խնդիրն է: Այնուհանդերձ, առավել կարևոր է, որ ողջ հասարակությունը հաշմանդամներին ընկալի որպես հավասար իրավունքներ կրող անհատների: USAID ներկայացուցիչ Տաճատ Ստեփանյանի կարծիքով, այդ առումով որոշ առաջխաղացում արդեն զգացվում է, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ միայն դոնոր կազմակերպությունների oգնությամբ դրանք հնարավոր չէ լուծել:
Համաժողովում հիմնադրվեց Հաշմանդամների իրավունքների պաշտպանների հանրապետական ցանց: Այսուհետ մարզերում բնակվող հաշմանդամներն իրենց իրավունքների ոտնահարման դեպքում հնարավորություն կունենան դիմել ցանցի մարզային համակարգողներին և ստանալ կոմպետենտ խորհրդատվություն: Ցանցի համակարգողների հեռախոսահամարները կարող եք բեռնել այստեղից։
|