Աննախադեպ ֆոտոցուցահանդես
2012-11-10
Հոկտեմբերի 26-29-ին «Մոսկվա» կինոթատրոնի այցելուներին ներկայացվեց յուրատեսակ մի ֆոտոցուցահանդես, որի նախաձեռնողը «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն էր: «Շրջանակից այն կողմ» խորագրի ներքո համախմբված լուսանկարներում պատկերված էին հաշմանդամություն ունեցող ֆոտոմոդելներ: Այս համարձակ և Հայաստանի համար նորարարական նախագիծն իրականացվեց Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսավորմամբ «Բազմազանության խթանում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում: Աջակցություն ցուցաբերեցին նաև «Մոսկվա» կինոթատրոնն ու «Էկզոտարիում» ընկերությունը:
Նախաձեռնության հիմնական նպատակն է՝ ակնառու կերպով բարձրաձայնել այն պարզ իրողությունը, որ համապատասխան հնարավորության ընձեռնման դեպքում հաշմանդամը կարող է հաջողությամբ ներառվել ցանկացած, նույնիսկ ամենաանսպասելի ոլորտներում՝ հասնելով մեծ բարձունքների և իրագործելով դեռևս չբացահայտված ներուժը:
Հասարակության մեջ տիրող կարծրատիպերին հակառակ, հաշմանդամ կինը այս լուսանկարներում մարմնավորում է գեղեցկության և հմայքի, ազատության և ինքնատիպության գաղափարը: Հաշմանդամությունը, նկատելի էր միայն առաջին լուսանկարներում, մնացած նմուշներում ֆիզիկական խնդիրները մնում են «կադրից դուրս»: Մոդելները, որոնց համար սա առաջին փորձն էր ոլորտում, նորովի բացահայտեցին սեփական անձը, գրավիչ լինելու արվեստը և կերպարային փոփոխությունների լայն հնարավորությունները:
Հետաքրքիր էր կարդալ ցուցահանդեսի այցելուների գրավոր արձագանքները, որոնց համար նախատեսված էր հատուկ արկղ։ «Հիանալի է», «Բարձր տրամադրությամբ եմ հեռանում այստեղից», «Մայր բնություն ու կին... Ահա այն բնական կապը, որ տիեզերքը պարգևել է մարդուն: Անվերջ կարելի է տեսնել ու զգալ այդ մեծ հմայքի գաղտնիքը»… Հատկապես գոհացուցիչ էր այն հանգամանքը, որ մատաղ սերնդի ներկայացուցիչները նույնպես անտարբեր չմնացին ցուցահանդեսի գաղափարին. դպրոցական մի աղջնակ իր տարիքին բնորոշ անմիջականությամբ և անկեղծությամբ գրել էր. «Շնորհակալություն, դուք ջերմացրեցիք մեր փոքր-ինչ սառած զգացմունքները»:
Նախագծին մասնակցել է 11 մոդել՝ Երևանից (Տիգրանուհի Մինասյան, Անահիտ Վարդանյան, Լիլիթ Պետրոսյան) և Հայաստանի 7 մարզերից՝ Արագածոտն (Անահիտ Խալաթյան), Կոտայք (Լուիզա Սուքիասյան), Գեղարքունիք (Անի Ղուկասյան), Լոռի (Քրիստինե Փիրուզյան), Սյունիք (Մերի Մեժլումյան), Շիրակ (Գրետա Վարդանյան և Քրիստինե Աղանյան) և Արմավիր (Մերի Մլհամյան): Ֆոտոմոդելները անձամբ ներկա էին ցուցահանդեսի բացմանը և չէին թաքցնում իրենց հուզմունքը. «Չէի կարող անգամ պատկերացնել, որ ինձ կընձեռնվի այսպիսի բացառիկ ֆոտոցուցահանդեսի գլխավոր հերուսուհիներից մեկը դառնալու հնարավորություն», խոստովանում է Լուիզա Սուքիասյանը։ Իսկ Մերի Մեժլումյանի համար իրականացավ ֆոտոմոդել դառնալու կյանքի իր մեծագույն երազանքը: Կրքոտ և ռոմանտիկ, օրիենտալ և էկզոտիկ, հարսանեկան և տիպային կերպարների միջավայր էին տեղափոխում լուսանկարները ցուցահանդեսի այցելուներին: Էլեգանտ ոճով և գեղարվեստական նուրբ ճաշակով էին արված նաև նյու ժանրի լուսանկարները:
Ֆոտոմոդելների ոճային բազմազանության հեղինակն է արհեստավարժ աշխատանքային խումբը` լուսանկարիչներ Սուրեն Մանվելյանը, Ռասմիլա Ալավերդյանը, Եվգենիա Էվոյանը, Մարիաննա Մելիքսեթյանը և Գարեգին Ղազարյանը, ոճաբաններ Սեդա Մանուկյանը («Ատեքս») և Կարինե Ավագովան, վարսահարդարներ Արմեն Մուրադյանը և Արմեն Վենետիկյանը ու դիմահարդարներ Սոնա Աբրահամյանը և Նարինե Հովհաննիսյանը:
Ֆոտոցուցահանդեսը տևեց 4 օր, և հիմնվելով այցելուների ոգեվորիչ արձագանքների և լրատվամիջոցների կոզմից լայն լուսաբանման վրա, կարելի է ասել, որ հասավ իր նպատակին: Կարծում եմ, հասարակության մի ստվար զանգվածի մոտ առաջ եկած նոր պատկերացումները հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների մասին կկոտրեն նախկինում գոյություն ունեցած շրջանակները:
|