հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2014

«Փարոսը»` երգչախմբերի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր

2014-10-19

Հուլիս-օգոստոս ամիսները Լատվիայում հագեցած են լինում բազմապիսի մշակութային իրադարձություններով, ինչպիսիք են երիտասարդ երգիչ-կատարողների «Նոր Ալիք» կամ ուրախների եւ հնարամիտների ակումբի «Կիվին» մրցույթները: 2014 թվականին Ռիգան հռչակվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչը նպաստեց եւս մեկ համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառման անցկացմանը երկրի մայրաքաղաքում: Հուլիսի 9-19 Ռիգայում անցկացվեցին Երգչախմբերի համաշխարհային խաղերը, որոնց մասնակցեցին շուրջ 500 երգչախմբեր 70 երկրներից: Խաղերը, որոնք նաեւ հայտնի են Երգչախմբերի օլիմպիադա անվանումով, սկիզբ են առել 2000 թվականից եւ անցկացվում են 2 տարին մեկ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: 2014թ. Օլիմպիադայի մասնակից երկրների թվում էր նաեւ Հայաստանը, որի միակ ներկայացուցիչն էր «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար` Րաֆֆի Միքայէլեան): Իր տեսակի մեջ եզակի այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը սայլակ օգտագործող եւ այլ տեսակների հաշմանդամություն ունեցող անձինք են, իր ելույթով ոչ միայն մատուցեց բարձրաճաշակ եւ բարձրորակ արվեստ, այլ նաեւ կոտրեց մարդկանց մեջ արմատացած այն կարծրատիպը, ըստ որի հաշմանդամները կարող են մրցակցել միայն հաշմանդամների միջեւ անցկացվող մրցույթներում:

Օլիմպիադան բաղկացած է երկու տեսակի մրցույթներից: Առաջինում, որը կոչվում էր Բաց մրցույթ, կարող է մասնակցել յուրաքանչյուր երգչախումբ, անկախ նրա վարպետության աստիճանից: Իսկ երկրորդում` Չեմպիոնների մրցույթում, իրավունք ունեն մասնակցելու միայն նախկինում միջազգային դափնեկրի կոչմանն արժանացած եւ նախապես ներկայացված ձայնագրությամբ որոշակի ընտրություն անցած երգչախմբերը: «Փարոսը» ընտրվեց Չեմպիոնների մրցույթում մասնակցելու համար, ընդ որում, հայաստանյան երգչախումբը ստեղծագործությունների բարդությամբ (Կոմիտաս, Ա.Կարապետյան, Լ.Յանսեն, Է.Ուիթիքր) չէր զիջում մասնագիտությամբ երաժիշտ` կոնսերվատորիաների, երաժշտական ուսումնարանների ուսանողներից բաղկացած երգչախմբերին: Դրա լավագույն ապացույցն է թեժ մրցակցության պայմաններում «Փարոսի» կողմից նվաճած 2 արծաթե մեդալները:

Չափազանց հագեցած էր նաեւ երգչախմբի օրակարգը: Լատվիայում անցկացնելով ընդամենը 7 օր, երգչախումբը հասցրեց ելույթ ունենալ Չեմպիոնների մրցույթի 2 անվանակարգերում` «Երկսեռ կամերային երգչախմբեր» եւ «Հոգեւոր երաժշտություն a capella», հանդես գալ 2 համերգներով, ինչպես նաեւ մասնակցել մասնակից երկրների շքերթին եւ եզրափակման հանդիսավոր արարողությանը ու գալա-համերգին:

Հատկապես ոգեւորիչ էր այն հանգամանքը, որ դահլիճներում նստած «Փարոսին» երկրպագող թիմում էին հատուկ այդ միջոցառման համար ժամանած մեր աջակիցները` «Փարոս» Հիմնադրամի նախագահ Ռոջեր Շտրաուխը (ԱՄՆ) եւ «Աբիլիս» հիմնադրամի (Ֆինլանդիա) ներկայացուցիչ Մարինա Կիտայգորոդսկին: Ի դեպ Օլիմպիադային մեկնելու հարցում աջակցողների թիվը ավելի մեծ էր` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, ՀՀ մշակույթի նախարարություն, «Գրացիա» հետվնասվածքային վերականգնողական կենտրոն: Երգչախմբի Գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Պաշտոնական միջոցառումներից բացի, Լատվիայում «Փարոսին» սպասում էին նաեւ բազմաթիվ էքսպրոմտային ելույթներ եւ անակնկալ հանդիպումներ: Եվ այդ հաճելի անակնկալների «մեղավորը» տեղի հայ համայնքն էր եւ, հատկապես, հայկական եկեղեցին, որն այդ համայնքի շրջանակում ամուր կապ ստեղծողն է: Ժամանման առաջին իսկ օրը, հրավիրվելով Ռիգայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (հոգեւոր հովիվ` Տեր Խոսրով քահանա Ստեփանյան) եւ հանդիպելով տեղի հայ համայնքի հետ, «Փարոսը» կատարեց Հայաստանի կարոտով ապրող հայրենակիցների համար այդքան հարազատ հնչող շարականներ եւ ժողովրդական ստեղծագործություններ:

Հայկական համայնքը մատուցեց եւս մեկ նվեր` այցելություն Յուրմալա եւ հանդիպում հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հետ: Այստեղ նույնպես կայացավ փոքրիկ բացօթյա ելույթ, որն իսկույն գրավեց բազմաքանակ հանդիսատեսի ուշադրությունը: Այնպիսի տպավորություն էր, որ Լատվիայի բնակիչները եւ բազմաթիվ հյուրերը տեսնելով հայերի նարնջագույն վերնաշապիկներըՙ տրամադրվում էին հաճելի երաժշտության ունկնդրմանը:

Երգչախմբերի օլիմպիադայի բոլոր միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին Լատվիայի առաջին հեռուստաընկերության կողմից, հատուկ ռեպորտաժ հայկական երգչախմբի մասնակցությամբ կազմեց «Վեստի-Սոչի» հեռուստատեսությունը: «Փարոսի» հետ Լատվիա էր մեկնել ATV հեռուստաընկերության նկարահանող խումբը Հրաչ Մուրադյանի գլխավորությամբ, որի «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի հատուկ թողարկումը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 19-ին, իսկ տեսագրությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Լուսանկարները առկա են «Փարոս» կամերային երգչախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում` ԱՅՍՏԵՂ:
 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։