10 տարվա գործունեություն` հանուն հավասար հնարավորությունների
2012-08-03
«Ունիսոնը» 10 տարեկան է. անհավատալիորեն արագ անցան այս տարիները: Կարծես երեկ էր ծագել գաղափար՝ ստեղծել մի կազմակերպություն, որը կունենա հաշմանդամություն ունեցող մարդկանց սատար կանգնելու առաքելությունը: Իսկ այսօր կազմակերպության «հարուստ ժառանգությունն են» կազմում հաշմանդամների համար մատչելիության, կրթության, մշակութային ներգրավվածության, զբաղվածության ոլորտին առնչվող մի քանի տասնյակ իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, հարուստ գործընկերությունը և բազմաթիվ շահառուները:
Հոբելյանական տոնակատարությունը, որը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Էրեբունի-պլազա» բիզնես-կենտրոնում, անցավ բարեկամական և ջերմ մթնոլորտում: «Ունիսոնի» հյուրերի կազմում էին ՀԿ-ի աջակիցները՝ այդ թվում գլխավոր հովանավոր պ-ն Ռոջեր Շտրաուխը, պետմարմիններն ու ՀԿ սեկտորը ներկայացնող գործընկերները, հաջողության պատմությունների հերոսները, ՀԿ-ի կողմից անցկացված մրցույթների հաղթողները, նախկին աշխատակիցները և պարզապես համախոհները: Բարեմաղթանքներով և հետագա արդյունավետ համագործակցության ակնկալիքներով հանդես եկան Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար տկն. Ջեմմա Բաղդասարյանը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ պ-ն Մխիթար Մնացականյանը, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և այլոք:
Հոբելյարի հասցեին հնչեցին ոչ միայն պաշտոնական ողջույններ: Երաժշտական համարներով շնորհավորանքներին միացավ «Փարոս» կամերային երգչախումբը, իսկ տիկնիկ «սինյոր Ունիսոնը» և հայտնի աճպարար Արայիկը տեղափոխեցին հյուրերին հեքիաթային աշխարհ՝ ստիպելով բոլորին հավատալ հրաշքներին: Միջոցառման ավարտին ներկաներին մատուցվեց ևս մեկ անակնկալ՝ խաղ «Ունիսոնի» մասին, որի հաղթողները դրսևորեցին իրենց փայլուն տեղեկացվածությունը ՀԿ-ի մասին և համապատասխանաբար պարգևատրվեցին նվերներով: Այսպիսի ուրախ և աշխույժ տրամադրության ներքո անցավ «Ունիսոնի» 10-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությունը:
|